
Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման մեծագույն դժվարությունը, պատմական Հայաստանում հայության լիովին բացակայությամբ հանդերձ, վեցուկես միլիոն քրդերի եւ թուրքերի առկայությունն է “վիլսոնյան Հայաստանում”: Ակնհայտ է, որ ապագայում ինչպիսի լուծում էլ ստանա Հայկական հարցը, այդ մարդիկ շարունակելու են ապրել վերոհիշյալ տարածքում: Այսինքն, այդ տարածքի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ուղղակի եւ անվերապահ հաստատումը (ինչ ժողովուրդն առօրյա լեզվում ասում է հողերի միացում Հայաստանին) կարող է խաթարել Հայաստանի հայկական էությունը եւ համապետական առաջին իսկ ընտրության ժամանակ վերջ դնել նրա` որպես ազգային պետության, գոյությանը: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ուղիղ երկու անգամ ավելի քիչ մարդ է ապրում, այսինքն քվե ունեցող կա, քան “վիլսոնյան Հայաստանում”: Ցեղասպանությունը, պատերազմներն ու հայրենի իշխանությունների ապիկար կառավարումն իրենց գործն արել են:
«Միջանկեալ տարբերակ տեսնել Ուիլսընեան հողամասին վրայ. այսինքն Թուրքիան Արեւմտահայաստանի վարձակալ դարձնել ու եկամուտ յուսալ … ըսելով ես իրաւունքներն եմ ուզում այդ հողերի վրայ, ոչ թէ հողեր եմ ուզում, անհասկանալի կը մնայ մեզի»:
Նորա Պարութեան, Հանդիպում Արա Պապեանի հետ, «Հայկական հարցի լուծման հայեցակարգ» մը, Նոր Յառաջ, Փարիզ, 2009, 29 Դեկտեմբեր, էջ 9:
Հայկական հարցի տարածքային բաղադրիչի լուծման մեծագույն դժվարությունը, պատմական Հայաստանում հայության լիովին բացակայությամբ հանդերձ, վեցուկես միլիոն քրդերի եւ թուրքերի առկայությունն է “վիլսոնյան Հայաստանում”: Ակնհայտ է, որ ապագայում ինչպիսի լուծում էլ ստանա Հայկական հարցը, այդ մարդիկ շարունակելու են ապրել վերոհիշյալ տարածքում: Այսինքն, այդ տարածքի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ուղղակի եւ անվերապահ հաստատումը (ինչ ժողովուրդն առօրյա լեզվում ասում է հողերի միացում Հայաստանին) կարող է խաթարել Հայաստանի հայկական էությունը եւ համապետական առաջին իսկ ընտրության ժամանակ վերջ դնել նրա` որպես ազգային պետության, գոյությանը: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ուղիղ երկու անգամ ավելի քիչ մարդ է ապրում, այսինքն քվե ունեցող կա, քան “վիլսոնյան Հայաստանում”: Ցեղասպանությունը, պատերազմներն ու հայրենի իշխանությունների ապիկար կառավարումն իրենց գործն արել են:
Ուստի, անհրաժեշտ է միջազգային իրավունքի շրջանակում գտնել վերոհիշյալ տարածքի վրա Հայաստանի Հանրապետության je jure իրավատիրությունը եւ Թուրքիայի de facto տիրապետումը համադրելու այնպիսի ձեւ, երբ Հայաստանը կվերականգնի իր իրավունքների զգալի մասը “վիլսոնյան Հայաստանում”, սակայն զերծ կմնա իր քաղաքական ճակատագիրը քրդերի եւ թուրքերի ձեռքը հանձնելուց: Միեւնույն ժամանակ, որպեսզի լուծումն իրականանալի լինի անհրաժեշտ է, որ գետնի վրա շատ բան չփոխի: Այսինքն, անհրաժեշտ է, որ հարցի լուծման ձեւը Թուրքիայի համար լինի արժանապատիվ ելք ստեղծված իրավիճակից եւ ոչ թե վերակացուի մտրակի տակ արվող քայլ:
Հնարավոր լուծումներից մեկը տարածքային վարձակալության ճանապարհն է: (Ավելի դյուրամարս լինելու համար այդ ծրագիրը կարող է հանդես գալ այլ անվանումով, օրինակ` Հաշտության ուղի (The Path to Reconciliation) կամ նման մի բան:) Այսինքն, “վիլսոնյան Հայաստանի” տարածքը տնօրինողը (Թուրքիան) տարածքի իրավատիրոջից (Հայաստանից) երկարաժամկետ վարձակալում է այն: Համապատասխանաբար, Հայաստանի եւ Թուքիայի Հանրապետությունները, միջազգային գերուժերի մասնակցությամբ եւ երաշխիքով, կնքում են երկկողմ պայմանագիր, որը «վիլսոնյան Հայաստանի» վրա երկու կողմերի համար երաշխարվում է մարդկանց եւ կապիտալի ազատ տեղաշարժի, ինչպես նաեւ տարանցիկ անկաշկանդ ու անվճար բեռնափոխադրման իրավունք: Միեւնույն ժամանակ տարածքն ապառազմականացվում է հարձակողական զինուժից:
Թեեւ առաջին հայացքից թվում է, թե Թուրքիան շատ բան է զիջում, սակայն, էության մեջ, վերոհիշյալ կետերը, բացառությամբ տարածքային վարձավճարի, ցանկացած երկրի Եվրոպայի միությանն անդամակցելու նախապայմաններն են: Նշյալ կետերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը ցույց կտա նաեւ, թե ինչքանո՞վ է Թուրքիան գործնականում պատրաստ Եվրոմիության անդամակցությանը:
Այսուհանդերձ, օրինական հարց կարող է առաջանալ. Ինչո՞ւ Թուրքիան պիտի գնա դրան: Որովհետեւ դա առաջին հերթին ձեռնատու է Թուրքիային: Թուրքիայի համար Հայկական հարցի լուծումն անհրաժեշտություն է: Առանց այդ հարցի լուծման (եւ ոչ թե լուծման պատրանքը ստեղծելու, ինչպես ներկայումս անում են Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները) Թուրքիան չի կարող իրականացնել ներկայիս իր հիմնական նպատակը` դառնալ կամ գոնե համարվել շրջանային գերուժ: Չնայած բոլոր ջանքերին թուրքական պետականության նավը չի կարողացել եւ չի կարողանում դուրս գալ մեծ նավարկության: Չլուծված Հայկական հարցը, փոքրիկ ստորջրյա խութի նման, մշտապես կաշկանդում եւ կաշկանդելու է այդ նավի ընթացքը:
Կարճ ասած, տարածաշրջանային կայունության եւ բարգավաճման հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղադրել մի բեկոր Եվրոմիություն` մի տարածք, որը բաժանելու փոխարեն կմիավորի երկու երկրներին ու ժողովուրդներին: Տարածք, ուր երկու երկրներն էլ կունենան որոշակի եւ ամրագրված իրավունքներ եւ պարտականություններ:
Մի քանի ամիս առաջ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական հնագույն բերդաքաղաքներից մեկի` Արցախի Տիգրանակերտի պեղումներին: (Այո, խոսքն այն Տիգրանակերտի մասին է, որը մեր հայրենիքը չէ:) Դարեր շարունակ բերդի պարիսպների հսկայական ժայռաբեկորներն անսասան են եղել, որովհետեւ միմյանց նաեւ ագուցված են եղել ոչ մեծ հանգույցներով: Երբեմն փոքր հանգույցներն անհամամասնորեն մեծ դեր ունեն մեծ ժայռաբեկորների կյանքում:
Հայկական հարցի լուծումը, բայց ոչ երբեք լուծման պատրանքը, ագուցող հանգույցի դեր կունենա ողջ Միջին արեւելքի համար, հետեւաբար էապես կնպաաստի տարածաշրջանային կայունությանը:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
10 հունվարի 2010թ.
2010թ. Փիւնիկ.com
Designed and developed by MKO.